Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվել է թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը:
Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասը կազմակերպվել է «Երկրաչափություն» առարկայից, որը վարել է ֆիզիմաթ դպրոցի ուսուցիչ Արման Սարգսյանը:
Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրել է, որ դպրոցների ընտրությունը պատահական չէ. որոշ ուսհաստատություններ գտնվում են բարձր լեռնային համայնքներում: «Առաջին փորձը ցույց տվեց, որ առկա են որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ, մի քանի դպրոցների` միաժամանակյա կապ հաստատելու, հնարավորինս շատ դպրոցներ ներգրավելու, տեղերում տեխնիկական միջոցների, ինչպես նաև մանկավարժների, դիդակտիկ նյութերի հետ կապված հարցեր: Օրինակ, դեռ չի փորձարկվել միևնույն դպրոցում տարբեր դասասենյակներից հեռակապին միանալու հնարավորությունը, որը բավականին լուրջ աշխատանք է պահանջում: Ցանկանում եմ նշել, որ նմանատիպ փորձնական տեսադասեր էլի են փորձարկվել, բացի այդ, մեր մանկավարժները հեռակապի միջոցով հաճախ են մասնակցում, օրինակ, ՌԴ-ում, Ղազախստանում անցկացվող համաժողովներին: Առհասարակ, մենք ուննեք շատ հետաքրքիր ուսուցիչներ ոչ միայն Երևանում, այլ մարզերում, առաջնակարգ դպրոցներ` Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում և այլուր: Ուղղակի մնում է հնարավորինս արագ լուծել դպրոցների տեխնիկական հագեցվածության հարցերը և մեր դպրոցները համապատասխանեցնել արդի պահանջներին»,-նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` հետայսու առավել ուշադրություն է դարձվելու գյուղական դպրոցների զարգացման հարցերին:
Հիշեցնենք, որ առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել է «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1, Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երկրորդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում` Սուրենավանի 10-րդ դասարանցիների համար:
Նյութն ամբողջությամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի կրթական ցանց
Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներն ընդգրկված են ՀԿՑ-ում, որի կենտրոնական հանգույցում գործում է կրթական-տեղեկատվական միասնական «Հայկական կրթական միջավայրը»` ապահովելով ինչպես ուսումնական հաստատությունների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին ուսումնական հաստատությունների միջև տեղեկատվության հուսալի փոխանակումը:
«Հայկական կրթական միջավայր» պորտալը (www.armedu.am) տրամադրում է կրթական, պաշտոնական և այլ բնույթի տեղեկատվական պաշարներ: Մուտքերի քանակը միջին ամսական՝ 16430 է, դիտված էջերի քանակը միջին ամսական՝ 117800:
«Հայկական կրթական միջավայր-ֆորումը» (http://forum.armedu.am/) ստեղծում է ուղիղ հաղորդակցություն աշակերտների, ուսուցիչների, ղեկավար աշխատողների միջև՝ տրամադրելով տարբեր քննարկումների, խորհրդատվությունների կազմակերպման հնարավորություն: Ունի ավելի քան 1120 թեմա, 115058 գրառում, 4295 գրանցված օգտագործող:
«Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am/) ընձեռում է հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորություն ուսուցիչների և աշակերտների համար: Գրանցված 1227 մասնակիցների համար անցկացվել են 136 դասընթացներ, տեղադրվել են նաև շուրջ 300 փորձնական թեմաներ:
«Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am/) էլեկտրոնային պաշարների միասնական տարածք է, որում ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգված են կրթական, ուսումնական և մեթոդական պաշարներ (դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, շտեմարաններ, օլիմպիադաների նյութեր)՝ դրանք հասանելի դարձնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի ու Սփյուռքի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար: Պարունակում է 5430 էլեկտրոնային պաշար, ունի 3300 գրանցված օգտագործող:
ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցի «Հայկական կրթական միջավայրն» ընդգրկում է նաև «Հանրակրթությունը Հայաստանում. Վիճակագրական տեղեկատու» (http://stat.armedu.am/), «Ավարտական փաստաթղթերի և հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/), «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգ» (http://schoolrate.armedu.am/), «Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգեր» (http://ranking.armedu.am/, http://rank.armedu.am/), Եվրոպական միության eTwinning Plus Հայաստան (http://etwinningplus.armedu.am/), «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/), «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» ( http://esource.armedu.am/) և «Բարձրագույն կրթությունը Հայաստանում» (http://studyinarmenia.org/) կայքերը:
ՀԿՑ-ի շնորհիվ դպրոցներին հասանելի են նաև համացանցային կրթական և տեղեկատվական պաշարները:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն