Կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Ապրիլի 18, 2019
Նորություններ

2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 9:00-ին:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`

  • Մուտք գործել հայտագրման համակարգի՝ https://hayt.emis.am/ էջ,
  • Ընտրել համայնքը,
  • Ընտրել դպրոցը, 
  • Ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Ուշադրություն. եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:
  • Մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: 
  • Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ 
  • Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը: 
  • Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ 
  • Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։ 
  • Ուշադրություն.սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ 
  • Համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։
  • https://hayt.emis.am/ համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից: 
  • Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով:

Համակարգի հղումը` https://hayt.emis.am/:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի մամուլի ասուլիսի տեսագրությունը համակարգի գործարկման մասին՝ https://www.facebook.com/MoES.Armenia/videos/2302181016718788/։

Նյութի աղբյուրը. Հայկական կրթական միջավայր