Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am) համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 122 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (11․02․2019-07․03․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի և Արցախի 53 ուսուցիչներ այսօր ստացան հավաստագրեր:
Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում են «Հեռավար ուսուցում» (learning.armedu.am), իսկ 2017թ նոյեմբեր ամսից արդեն նորացված elearning.armedu.am համակարգերը, որոնք «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից են և ստեղծվել են Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա:
Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթացնելու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար պարբերաբար կազմակերպում է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ:
Համակարգի բովանդակային շահագործումը, դասընթացների մշակումը և վարումը իրականացնում են ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետները (Մարիետա Դումիկյան, Սոնա Գևորգյան)։