Փետրվարի առաջին երեքշաբթի օրն աշխարհի ավելի քան 140 երկրներում նշվում է որպես «Ապահով համացանցի օր»։
Այս տարի «Ապահով համացանցի օրը» կանցկացվի փետրվարի 5-ին և այս տարվա քարոզարշավի «Միասին դեպի ավելի լավ համացանց» ("Together for a better internet") կարգախոսը կոչ է բոլոր շահագրգիռ կողմերին՝ միանալ և իրենց ներդրումն ունենալ յուրաքնչյուրի և առավել ևս երեխաների և երիտասարդների համար ավելի լավ համացանց ստեղծելու նպատակով:
Լավ արդյունք ունենալու համար կարևոր է ծնողների ու խնամակալների, ուսուցիչների ու մանկավարժների, կրթության կազմակերպիչների ու պատասխանատուների ճիշտ մոտեցումն ու վերաբերմունքը թվային աշխարհի ռիսկերի, վտանգների բացահայտման ու դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Պետք է ուսումնասիրել այդ գործի համար համախմբված կազմակերպությունների փորձը և օգտագործել ստեղծած մեծաքանակ ռեսուրսները թե՛ տանը, թե՛ դպրոցում երեխաների թվային սարքերի օգտագործումն ապահով, հետաքրքիր ու օգտակար դարձնելու համար։
Ավելի քան տասը տարի Հայաստանում «Ապահով համացանցի օրվա» շրջանակներում կազմակերպվում են կլոր սեղաններ, աշխատանքային քննարկումներ, դասախոսություններ ու դասընթացներ, անցկացվում են քարոզարշավներ ու մրցույթներ, ստեղծվում են լրացուցիչ ուսումնական նյութեր։ Այս տարի ևս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և տարբեր կազմակերպություններ փետրվար ամսին անցկացվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակներում կկազմակերպեն բաց դասեր, քննարկումներ, մրցույթներ։
Դեռ հունվարի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարել է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ։ Հանձնաժողովը, որում ընդգրկված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ, ստացել է շուրջ 170 աշխատանք։ Շուտով կհայտարարվեն լավագույն մրցութային աշխատանքները, դրանք կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում: