ԿՏԱԿ-ը հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին

Հոկտեմբերի 20, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։

Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։

Միանալուց հետո կկազմակերպվեն հանդիպում սեմինարներ, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների կողմից կներկայացվեն ծրագրի հնարավորությունները, գործիքակազմը, առավելություններն ու հնարավոր օգուտները։

 

Ծրագրի ընթացքը 2013-2016թթ․

2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։

Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ, որոնք նախկին Արևելյան գործընկերության երկրներում կոչվում են Աջակցող գործընկեր գործակալություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։

2013թ․ից մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս ծրագրով Եվրոպական միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 90-ից ավելի դպրոցներ և շուրջ 400 ուսուցիչներ (նախկին Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը կոչվում է Իթվինինգպլյուս)։

2013թ․ ից Հայաստանի դպրոցներն ու ուսուցիչները ակտիվորեն մասնակցել են հանրակրթական ամենատարբեր առարկաներ ներառող բազմակողմանի պրոյեկտների հիմնականում անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

2013թ․ մինչ այժմ ավելի քան 30 ուսուցիչներ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։

2014-2016թթ․ ամեն տարի Հայաստանում կազմակերպվել են միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել են եվրոպական տարբեր երկրների ընդհանուր առմամբ ավելի քան 100 ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Առավել փորձառու և հաջողություններ արձանագրած ուսուցիչներից ընտրվել են Իթվինինգի տարածաշրջանային դեսպաններ, որոնք, ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հետ միասին կազմակերպում և համակարգում են մարզերի աշխատանքները, ցուցաբերում են աջակցություն ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցերում։

Յուրաքանչյուր տարվա ավարտին, ինչպես և Իթվինինգի մասնակից մնացած երկրներում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է տարեկան ամփոփիչ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվում են կատարված աշխատանքները, քննարկվում և նախանշվում են հաջորդ տարվա հիմնական ուղղություններն ու թիրախները, սահմանվում են նպատակները և աշխատանքի գնահատման չափորոշիչները։

Ամփոփիչ կոնֆերանսի ժամանակ իրականացվում է նաև Ազգային մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում առավել հետաքրքիր և Որակի համաեվրոպական չափանիշներով առավել բարձր գնահատականների արժանացած պրոյեկտների մասնակից ուսուցիչները ստանում են Որակի ազգային հավաստագրեր ու մրցանակներ, իսկ նրանցից լավագույնները մասնակցում են Որակի համաեվրոպական մրցանակաբաշխության մրցույթին։

2013-2016թթ․ հայաստանցի ավելի քան 30 ուսուցիչներ ստացել են Որակի համաեվրոպական մոտ 50 հավաստագիր։

Գործարկվել և հաջողությամբ շահագործվում են ԻթվինինգպլյուսՀայաստան ծրագրի ազգային կայքը և ֆեյսբուքյան էջը: Կայքի միջոցով անընդհատ աջակցություն է ապահովում տարբեր առցանց գործիքների միջոցով:

Կատարված աշխատանքների և կուտակված փորձի վերլուծության արդյունքներով պահանջարկ առաջացավ ունենալու ոչ միայն միջազգային, այլև ազգային մակարդակի պրոյեկտներ։

Իթվինինգ պլյուս երկրների համար այդ հնարավորությունը հասանելի է դարձել 2016թ․ նոյեմբերից։

 

Ծրագրի առավելությունները

Իթվինինգին միանալը հնարավորություն է տալիս ուսուցիչներին և սովորողներին, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով գրանցվել և օգտվել առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել Եվրոպայի իրենց գործընկերների հետ, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց դպրոցը, համայնքը և երկիրը, ծանոթանալ եվրոպական տարբեր երկրների պատմությանը, մշակույթին, կրթական համակարգին և այլն:

21րդ դարի կրթական մարտահրավերների շարքում շատ լուրջ տեղ է գրավում սովորողների մոտիվացիան, քանի որ նոր տեխնոլոգիաների և համացանցի առկայությունը թույլ չեն տալիս սովորողներին իրենց ուշադրությունը կենտրոնացնել ուսուցման գործընթացին:

Առաջանում է կարիք նոր մեթոդների և տեխնոլոգիաների կրառմամբ ուսուցումը առավել հետաքրքիր և մատչելի դարձնել: Իթվինինգի պրոյեկտներ իրականցնելիս օգագործվում են տարբեր մեթոդներ, որոնք ուսուցման երբեմն ձանձրալի պրոցեսը դարձնում են առավել գրավիչ, հետաքրքիր ու ցանկալի: Հնարավորություն են տալիս կիսվելու կուտակած առաջավոր փորձով, տեղեկանալ և կրառել Եվրոպական երկրներում մշակված մեթոդներն ու տեխնոլոգիաները, համացանցի բազմաթիվ ռեսուրսներից ընտրել իսկապես արժեքավորն ու արդյունավետը: Ինտերակտիվ գործիքների կիրառմամբ հասնել սովորողների՝ առավել բարձր արդյունքների ցուցադրմանը:  Իթվինինգ համայնքում հաղորդակցության հիմնական լեզուն անգլերենն է, սակայն իրականացվում են պրոյեկտներ ամենատարբեր լեզուներով։

2017թ․ հասանելի դարձավ նաև ազգային պրոյեկտների իրականացումը, ինչը նշանակում է համագործակցային պրոյեկտներ նաև Հայաստանի ներսում և հայերեն լեզվով։

Տարբեր միջազգային սեմինարների, կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացներին (այդ թվում և առցանց) մասնակցությունը մեր ուսուցիչների հնարավորություն է տալիս զարգացնել ինչպես օտար լեզվի և ՏՀՏ իմացությունը, ստանալ մանկավարժական և մեթոդական գիտելիքներ, այնպես էլ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, տեղեկացված լինել նոր կրթական ծրագրերինև հնարավորություններին, լինել մանկավարժական զարգացման կիզակետում:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Իթվինինգպլյուս Հայաստան ազգային կայքից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել. +374 10 578453 Երիցյան Վահեին: