Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Հուլիսի 17, 2017

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 40 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը:

Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը (learning.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է և ստեղծվել է 2010 թվականին՝ Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպել է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով (2 դասընթաց՝ 80 մասնակից), իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով (10 դասընթաց՝ 375 մասնակից): Այս դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: «Հեռավար ուսուցում» համակարգում ընդհանուր առմամբ (2011-2017թթ) կազմակերպվել է 209 դասընթաց, գրանցված է 2355 մասնակից: