Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) այսօր ժամանեց Տավուշի մարզի Հովք գյուղ, որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
Միջազգային համատեղ ուսումնասիրություններ 06.09.2010թ.
Օգոստոսի 30-ին և 31–ին Սեուլում անցկացվեցին «Միջազգային համատեղ ուսումնասիրություններ՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթության ոլորտում» աշխատանքային խմբի հանդիպում–քննարկումները, որոնք կազմակերպել էին Կորեայի Հանրապետության կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունն ու «Կորեայի կրթության հետազոտության տեղեկատվական ծառայություն» (ԿԿՀՏԾ) կազմակերպությունը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի, Կոստա Ռիկայի, Կոլումբիայի, Կամբոջայի, Էրիթրեայի, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, Մարոկկոյի, Շրի Լանկայի, Օմանի, Ֆիլիպինների, Թայլանդի և Եմենի ներկայացուցիչները։ Հայաստանը ներկայացնում էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը։ 2009 թվականին նմանատիպ հանդիպում կայացել էր 6 երկրների համար և իրականացվել էր առաջանցիկ ծրագիր՝ ICT4ED (ՏՀՏ–ն կրթության զարգացման համար)։ ԿԿՀՏԾ մասնագետները մշակելով 6 երկրներից ստացված տվյալները համապատասխան վերլուծություններ էին կատարել և կազմել առաջարկությունների փաթեթներ՝ ուղղված այդ երկրներում ՏՀՏ–ն կրթության համար ավելի արդյունավետ օգտագործելուն։ 2010 ICT4ED հավաքի նպատակը առաջանցիկ ծրագրի հետազոտությունների արդյունքների հրապարակումը և նոր մասնակիցներին կատարված աշխատանքների մասին տեղեկացնելն էր, ինչպես նաև, առաջիկա անելիքների քննարկումը։ Աշխատանքային խումբը հանդիպումների ընթացքում տեղեկացավ ՏՀՏ–ն կրթության ոլորտում օգտագործելու համար մշակված չափանիշներին, տարբեր երկրների 12-ամյա հանրակրթությունում ՏՀՏ ներդրմանն ու օգտագործմանը նպաստող քաղաքականությունների համադրման ու ձեռքբերված լավ փորձը համապիտանի դարձնելու առաջարկներին։ Աշխատանքային ծրագրով նախատեսված էր նաև մասնակիցների կողմից յուրաքանչյուր երկրում առկա իրավիճակի և ընթացիկ աշխատանքների ներկայացումը։ Ներկաները մեծ ուշադրությամբ հետևեցին Ա.Կուլախսզյանի՝ Հայաստանի հանրակրթության ոլորտում ՏՀՏ կիրառման մասին զեկուցմանը, հետաքրքրվեցին ԿՏԱԿ–ի գործունեությամբ։ ԿՏԱԿ–ի ներկայացուցիչը պատասխանեց Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի կառավարման կազմակերպման, Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի դասընթացների տևողության, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախնական տեղեկատվության հավաքման և մշակման, «Հայկական կրթական միջավայր» պորտալի ամենօրյա մուտքերի քանակի մասին հարցերին։ Ամփոփիչ խոսքում կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլորին մասնակցության և ակտիվ քննարկումների համար։ Նախատեսվեց, որ մասնակիցները ԿԿՀՏԾ ներկայացնեն իրենց երկրներում ՏՀՏ կիրառումն արտացոլող հիմնական ցուցանիշները, որոնց հիման վրա կմշակվի եզրահանգումներն և առաջարկություններն ամփոփող փաստաթուղթ՝ մասնակից երկրներում ՏՀՏ–ն ավելի արդյունավետ ներդնելու նպատակով։
2010թ. օգոստոսի 18-31-ը Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կրթության և գիտության նախարարության հրավերով Ստեփանակերտում էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ Վահե Երիցյանը։ Արցախ մեկնելու նպատակը դպրոցների համակարգչային օպերատորների վերապատրաստման դասերի անցկացումն էր և Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում ՏՀՏ-ի օգտագործման փորձի հաղորդումն էր արցախցի գործընկերներին։ Տասնօրյա դասընթացների ավարտին մասնակիցները ստուգարք հանձնեցին, որի արդյունքների հիման վրա ստացան ԼՂՀ կրթության և գիտության նախարարության և ԿՏԱԿ-ի կողմից տրված վկայականներ։
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում 30.08.2010թ.
Ուսումնական տարվա նախաշեմին Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ավանդական դարձած մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին ուսումնական հաստատությունների տնօրեններն ու ուսմասվարները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության (ԿԳ) նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման ու վերլուծության բաժնի պետ Իլյա Սարգսյանը եւ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Նուրիջան Մանուկյանը: Նիստը վարում էր մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Բացելով խորհրդակցությունը` մարզպետը ողջունեց մասնակիցներին: Նա համոզմունք հայտնեց, որ մարզի մանկավարժական լավագույն կադրերի ներուժի շնորհիվ կհաղթահարվեն դպրոցական բարեփոխման ծրագրերի ներդրման հետ կապված խնդիրներն ու խոչընդոտները: Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մարզային իշխանությունները դպրոցների ուսումնադաստիարակչական գործունեության նկատմամբ լինելու են խստապահանջ, քանզի դպրոցն է այն դարբնոցը, որտեղ ձեւավորվում են մեր երկրի վաղվա քաղաքացիները: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը ներկայացրեց 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները, նշեց ձեռքբերումներն ու բացթողումները: Նա ներկայացրեց նաեւ մարզի նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ ընթացիկ աշխատանքների հետ կապված խնդիրներն ու ձեռնարկվելիք միջոցառումները: Զեկույցում նշվեց նաև մարզում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից կատարված աշխատանքների մասին: Իր ելույթում պարոն Ա. Ղազարյանն անդրադարձավ դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիանների կիրառման անհրաժեշտությունը, հատկապես առանձնացրեց ինտերնետ կապի դերը, առաջարկելով հետևողական լինել և հնարավորինս արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները: ԿԳ նախարարության ներկայացուցիչները խոսեցին 12-ամյա կրթական համակարգի ներդրման, ինչպես նաեւ ավագ դպրոցների ձեւավորմանն առնչվող խնդիրների եւ այդ գործընթացների կարգավորման նպատակով ընդունված օրենսդրական ակտերի մասին: Խոսվեց նաեւ դպրոցների տնօրենների հավաստագրման եւ դպրոցական խորհուրդների նպատակային գործունեության մասին: Հիմնական զեկուցողները պատասխանեցին դպրոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Վերջում, մարզպետ Սերգեյ Բագրատյանն ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, մաղթեց, որ նոր ուսումնական տարին մարզի կրթական հաստատությունների համար լինի նոր ձեռքբերումների եւ նվաճումների տարի:
Էդգար Մանուկյան ԿՏԱԿ–ի Վայոց ձորի մարզային համակարգող
Օգոստոսյան խորհրդակցություններ Լոռու մարզում 30.08.2010թ.
Օգոստոսի 28-ին Լոռու մարզում կայացան ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները. Վանաձորի մշակույթի պալատում՝ հանրակրթական դպրոցների տնօրենների, իսկ 4-րդ դպրոցում` ուսուցիչների մասնակցությամբ:
Դպրոցների տնօրենների խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը։ Ելույթներ ունեցան մարզպետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Մինաս Սայադյանը, Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԿԱԻ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն Գնել Տիգրանյանը, ինչպես նաև մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ և դպրոցների տնօրեններ: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դպրոցների լիցենզավորման, ուսուցիչների ատեստավորման, ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման հարցերը: Ն. Ղուկասյանն իր խոսքում կարևորեց համակարգիչը՝ որպես այսօրվա ուսուցչի անհրաժեշտ գործիք, խոսեց դպրոցական կայքերի մասին, անդրադարձավ նաև դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների գործունեությանը, համացանցի և էլեկտրանային կրթական պաշարների օգտագործման անհրաժեշտությանը: Ինֆորմատիկայի ուսուցիչների խորհրդակցությունը վարում էին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) ներկայացուցիչ Հայկ Շարխաթունյանը և ԿԱԻ-ի Լոռու մարզի ինֆորմատիկայի մեթոդիստ Հրաչյա Մարկոսյանը: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Լոռու մարզային համակարգող՝ Մանուշ Արզումանյանը։ ԿՏԱԿ-ի ներկայացուցիչը խոսեց ինտերնետային կապի նպատակային օգտագործման, «Հայկական կրթական միջավայր» պորտալի ընձեռած հնարավորությունների, հայալեզու կրթական պաշարների հարստացման, դրանց կիրառման ու տարածման անհրաժեշտության մասին, պատասխանեց առաջացած հարցերին:
Մանուշ Արզումանյան ԿՏԱԿ-ի Լոռու մարզի համակարգող
Օգոստոսյան խորհրդակցություն Գավառում 27.08.2010թ.
Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզի դպրոցների տնօրենները, համայնքապետերը, կրթական կազմակերպությունների ղեկավարները և մարզպետարանի տարբեր բաժինների պատասխանատուները: Խորհրդակցությանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դպրոցների լիցենզավորման, ուսուցիչների ատեստավորման հարցերը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի (ԿՄՍ) բաժնի պետ Գարիկ Բադալյանն իր ելույթում ներկայացրեց տարվա ընթացքում հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների ունեցած հաջողությունները, անդրադարձավ առկա հիմնախնդիրներին: ԿՄՍ բաժնի պետն ի թիվս այլ հարցերի կարևորեց նաև դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների գործունեությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
Ստեփանակերտում կանցկացվեն ուսուցիչների համակարգչային գրագիտության դասընթացներ 20.08.2010թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օգոստոսի 19-ին կմեկնարկեն ուսուցիչների համար նախատեսված համակարգչային գրագիտության դասընթացներ, որոնք անցկացնում է Հայաստանի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենի տեղակալ, դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի պետ Արմեն Կուլախսզյանը, վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են մինչեւ օգոստոսի 31-ը, մասնակցելու են շուրջ 60 ուսուցիչներ:
Դասընթացների նպատակն է բարձրացնել ինֆորմատիկայի ուսուցիչների համակարգչային իմացությունը: «Նման դասընթացների միջոցով փորձում ենք ուսուցիչներին փոխանցել ոչ միայն համակարգչային տարրական գիտելիքներ, այլեւ նրանց ենք ներկայացնում համակարգիչներում ծրագրերի տեղադրման հմտություններ»,-ասաց Ա. Կուլախսզյանը: Նրա խոսքով, ուսուցիչներին կներկայացվեն նաեւ համակարգիչների տեխնիկական սպասարկման վերաբերյալ որոշ տեղեկություններ:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Ստեփանակերտում ուսուցիչների եւ բարձր դասարանի աշակերտների համար անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ինտերնետից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաեւ ուսումնական գործընթացում էլեկտրոնային ձեռնարկների կիրառման առանձնահատկությունները:
ՇԻՀԿ–ը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում է 19.08.2010թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) այսօր ժամանեց Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովը կայացավ 19.08.2010թ.
Օգոստոսի 13-17–ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովը, որին Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին ՀՀ և ԼՂՀ Կրթության և գիտության նախարարությունների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության ազգային ինստիտուտի, տարբեր կրթական հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀերի, հրատարակչությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ։ Խորհրդաժողովի ընթացքում ծավալված քննարկումներն ընդգրկեցին հարցերի լայն շրջանակ. Սփյուռքում հայապահպանությանն առընչվող հարցեր, Հայաստան–Սփյուռք կրթամշակութային համագործակցության խթանման հնարավորություններ և այլն։ Խորհրդաժողովը կազմակերպել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը։ Քննարկումներ ծավալվեցին ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ տարբեր մասնախմբերում կատարվող աշխատանքների ընթացքում։ Տարբեր համայնքների և հայաստանյան կազմակերպությունների միջև ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ, որոնք նպատակ ունեն խթանել Սփյուռքի տարբեր գաղթօջախների և Հայաստանի կրթական կազմակերպությունների ու պետական գերատեսչությունների միջև համագործակցությունը։ Զեկույցներով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, ԼՂՀ ԿԳՆ փոխնախարար Սլավա Ասրյանը, սփյուռքի կրթական ոլորտի պատասխանատուներ և այլ պաշտոնաատար անձինք։
Օգոստոսի 15-ին խորհրդաժողովի մասնակիցները ներկա եղան նաև խաղողօրհնեքի արարողությանը, որը կատարեց ս. Կեչառիսի վանահայր Տեր Շահանը։ Ներկաները լսեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի խորհրդի պատմությունը և ստացան քահանայի օրհնությունը։
Օգոստոսի 16-ին քննարկվեցին էլեկտրոնային պաշարներին ու ուսումնական ձեռնարկներին վերաբերվող հարցեր, հայաստանյան որոշ հրատարակչություններ ներկայացրին այդ ոլորտում իրենց կատարած աշխատանքը: Քննարկման ընթացքում զեկույցով հանդես եկան նաև ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Արմեն Կուլախսզյանը և ՏՀՏ բովանդակություն բաժնի ավագ մասնագետ Վահե Երիցյանը, ներկայացրին ԿՏԱԿ-ի գործունեությունը, կատարած ու կատարելիք ծրագրերը:
Որակի ապահովում էլեկտրոնային ուսուցման ոլորտում 09.08.2010թ.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորումով անդրկովկասյան երեք երկրներում իրականացվում է «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում էլեկտրոնային ուսուցման (e-Learning) ոլորտում» ծրագիրը։
Այս ծրագրի շրջանակներում 2010 թվականի հունիսին Թբիլիսիում կազմակերպվեց «Որակի ապահովում էլեկտրոնային ուսուցման ոլորտում» սեմինարը, որին մասնակցեցին Հայաստանի կրթական համակարգի մի շարք կազմակերպություններ` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնը, Միջազգային կրթական ակադեմիան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի պետական հումանիտար քոլեջը, Երևանի պետական ինֆորմատիկայի քոլեջը, ինչպես նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ներկայացնում էր ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը։ Սեմինարի ընթացքում նրա ձեռք բերած գիտելիքները կնպաստեն էլեկտրոնային ուսուցման, մասնավորապես, հեռավար ուսուցման, ներդնելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Մ. Դումիկյանն արժանացավ «Որակի ապահովում էլեկտրոնային ուսուցման ոլորտում» մասնագետի վկայագրի (սերտիֆիկատի)։
Այցելություն ուսուցիչներին 04.08.2010թ.
Երևանի պետական մանկավարժական համալսարանում ընթանում են ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։ Այսօր նրանց այցելեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներ Արփինե Դանիելյանը, Վահե Երիցյանը և Հայկ Թադևոսյանը։ Կազմակերպված սեմինարի ընթացքում նրանք ներկայացրեցին ԿՏԱԿ-ի գործունեությունը, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը և «Հայկական կրթական միջավայր» պորտալը։ Զեկուցումներից հետո ծավալվեց քննարկում ուսուցիչներին հետաքքրող հարցերի շուրջ:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ