Տեսադաս՝ Երևան-Գյումրի-Վանաձոր

Նոյեմբերի 16, 2016
Նորություններ

ՀՀ կառավարության գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում` հերթական հեռավար դասը կազմակերպվել է Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և «ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ» դպրոցների միջև՝ «Ֆիզիկա» առարկայից:
Դասը վարել է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը, որպես առաջադրանք ընտրվել է «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայի խնդիրներից մեկը: Դասը վարողը տեսադասին մասնակից օլիմպիական խմբակների աշակերտներին ներկայացրել է խնդրի պահանջը, որից հետո մասնակից դպրոցների աշակարտները նախ քննարկել, ապա ներկայացրել են իրենց կողմից առաջարկվող լուծումների տարբերակները: Ամփոփելով դասը՝ աշակերտները քննարկել են խնդրի լուծման ճիշտ տարբերակը, լուծման ընդունելի եղանակները: Մասնակից դպրոցների օլիմպիական խմբակների ղեկավարները ընդգծել են, որ տեսադասն արդյունավետ մեթոդ է հատկապես բարդ խնդիրների լուծումների քննարկման ժամանակ:
Նշենք, որ տեսադասը կազակերպվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) միջոցով: Տեսադասին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի՝ կազմակերպվել են հետևյալ տեսադասերը՝ 

  • 21.10.2016թ. - «Այբ» դպրոցում՝ Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ,
  • 27.10.2016թ. - Երևանի թիվ 198 ավագ դպրոցում՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի հետ,
  • 28.10.2016թ. - ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ,
  • 28.10.2016թ. - Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցում՝ Փամբակի հիմնական դպրոցի հետ:
  • 11.11.2016թ. - Երևանի թիվ 198 ավագ դպրոցում՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան, ՀՀ Սյունիքի մարզի Շաքի և ՀՀ Լոռու մարզի Լեռնապար ու Արցախի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

Առաջիկայում նախատեսված է մասնագիտական քննարկում՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ, որին կմասնակցեն ոլորտի մասնագետները:

Նյութի աղբյուրը. «Հայկական կրթական միջավայր» պորտալ