Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

Դեկտեմբերի 21, 2016
Նորություններ

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Այս կարգի ծրագրերի ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ են: 21-րդ դարում այլ ճանապարհ, քան շարժվել գիտատեխնիկական աներևակայելի զարգացմանը համաքայլ, չունենք: Մարդկության բոլոր նոր հայտնագործությունները,սկսած կարևոր հնագույն գյուտից՝ կրակի հայտնաբերումից ունեցել են երկակի կիրառություն: Գիտության և տեխնիկայի զարգացման ընթացքում մենք անընդհատ ստանում ենք նորագույն միջոցներ, որոնք իրենց կարևորությամբ և արդյունավետությամբ կարող են համեմատվել կրակի գյուտի հետ՝ դրա հնարավոր դրական և բացասական հետևանքներով: Համացանցի հնարավորության և ՏՀՏ միջոցների ներմուծումը կրթական համակարգ բեկումնային իրադարձություն է, որը հիմնովին փոխում է գիտելիք ստանալու վերաբերյալ մեր ավանդական պատկերացումները: Կրթական համակարգի խնդիրն է վերահսկել և ուղղորդել կրթական համակարգ հորդացող տեղեկատվական և տեխնոլոգիական հեղեղը, որպեսզի կարողանանք օգտագործել այդ ալիքի մեծ ուժը՝ դրանից ստանալով արդյունք»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի դպրոցների գործնական մասնակցությունը Իթվինինգ ծրագրին սկսվել է 2013թ. սկզբից, շուրջ 2.5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Իթվինինգ Պլյուս» ծրագրի հայաստանյան «Աջակցող գործընկեր գործակալությունը» (ԱԳԳ)։ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա. Պողոսյանը:

2014-2016թթ․ Հայաստանում կազմակերպվել է 3 միջազգային հանդիպում, որոնց մասնակցել են Եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Գործում են eTwinning ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am կայքը ևhttps://www.facebook.com/eTwinningArmenia/ ֆեյսբուքյան էջը։ Ներկայումս Իթվինինգ ծրագրին մասնակցում են Հայաստանի 76 դպրոցներ և 305 ուսուցիչներ, որոնք ներգրավվել են առնվազն մեկ իթվինինգ նախագծում: Նախատեսվում է ընդարձակել Իթվինինգի շրջանակները՝ այն աստիճանաբար հասանելի դարձնելով բոլոր դպրոցների և ուսուցիչների համար։

eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Խրախուսական մրցանակի արժանացած դպրոցներ
1.Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
2.«Բյուրակն» կրթահամալիր
3.«Օհանյան» կրթահամալիր

Խրախուսական մրցանակի արժանացած ուսուցիչներ
1.Արմինե Գրիգորյան, Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
2.Ալինա Մովսիսյան, Արտաշատի թիվ 2 հիմն. Դպրոց
3.Նաիրա Նահապետյան, Մրգավանի միջնակարգ դպորց
4.Նազելի Գիշյան, Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
5.Աննա Համբարձումյան, «Բյուրակն» կրթահամլիր

3–րդ մրցանակակիր՝ Սոնա Մանուկյան, «Օհանյան» կրթահամալիր
2–րդ մրցանակակիր՝ Լիանա Կարապետյան, Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոց
1–ին մրցանակակիր՝ Հերմինե Հայրոյան, Սուրենավանի միջնակարգ դպրոց