ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներին

Հոկտեմբերի 4, 2018

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց է իրականացրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված նոր տարածքում, որը հիմնովին վերակառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՆ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկեց շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են «Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 12 ամիս և հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ի ապրիլին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ամիս ծանոթանում են հիմնանորոգման ընթացքին: 

Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: Շրջայցի ընթացքում ներկաները արձանագրեցին, որ տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներն ընթացքում են: Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրակացվում է նաև տեխնիկական վերահսկողություն:

Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքում տեղակաված է լինելու տվյալների մշակման նոր կենտրոնը, որի նախագծման աշխատանքները նույնպես մեկնարկել են:

Նյութի աղբյուրը. Կրթական ծրագրերի կենտրոն