Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Ապրիլի 09, 2019

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

 Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» պահանջներին  համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք,
որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 2018 թվականի  մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան, վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • վերոնշյալ ծրագիրն ու թեմատիկ պլանը,
  • տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը, հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները, տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
  • 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  2019 թվականի ապրիլի 22-ը ժամը 18։00 դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող  ձևաթղթերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն