Շարժական ինտերնետային համակարգչային կայան

Շարժական ինտերնետային համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ստեղծվել է 2008թ.: Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար: ՇԻՀԿ–ը տասներկուօրյա համակարգչային դասընթացներ էր կազմակերպում Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար: 2014 թվականից, երբ Հայաստանի բոլոր դպրոցներն ընդգրկվել էին Հայաստանի կրթական ցանցում, ՇԻՀԿ-ի գործունեության թիրախ դարձան Լեռնային Ղարաբաղի հանրապետության դպրոցները: 2014թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչի, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, 2016թ.՝ 315 աշակերտ և 226 ուսուցիչ:

ԿՏԱԿ-ի հետ սերտորեն համագործակցում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Բացի ՇԻՀԿ-ի ԼՂՀ-ում գործունեությունից ԿՏԱԿ-ն իրականացրել է Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում ներքին համակարգչային ցանցի նախագծման աշխատանքները, Ստեփանակերտում անցկացրել է սեմինար-վերապատրաստում Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման ուղղությամբ։ Ստեղծվել և շահագործվում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը: 2015-ից սկսած իրականացվում են ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Յուրաքանչյուր տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության խնդրանքով ԿՏԱԿ-ի մասնագետների խումբն իրականացնում է դպրոցների համակարգչային դասարանների համակարգիչների ծրագրային սպասարկում: ԿՏԱԿ-ը իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցական ցանցի նախագծման նախապատրաստական աշխատանքները: Կատարվել է դպրոցների տեղագրություն, ցանցի վիրտուալ նախագծում և նախնական գնահատում:

2016թ. հոկտեմբերին ԿՏԱԿ-ի ղեկավարներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար պարոն Ս.Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար: